Ադրբեջանի վարչապետը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վարչապետները հեռախոսազրույց են ունեցել, այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը:
Ըստ հաղորդագրության՝ Ալի Ասադովը բեղմնավոր աշխատանք է մաղթել Վրաստանի կառավարության ղեկավարին՝ հրավիրելով նրան Ադրբեջան:
Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջան իր այցի մասին խոսել է փետրվարի 22-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ բանակցություններ կվարի ադրբեջանական կողմի հետ՝ Դավիթ Գարեջիի հարցի շուրջ:
«Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան:
Մենք երկխոսություն կվարենք մեր եղբայր երկրի` Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և մեր ընկեր ադրբեջանական կողմը խելամիտ որոշում կկայացնեն, և մենք խելամիտ որոշումներ կկայացնենք: Մենք կկարողանանք բանակցել և գտնել ընդհանուր լեզու: Մեզ համար սա դժվար չի լինի», — հայտարարել էր Ղարիբաշվիլին: