ԱՄՆ սենատորներն ու կոնգրեսմենները կոչ են անում ազատել Վրաստանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիային ու Գիորգի Ռուռուային: Սենատորներն ու կոնգրեսմենները միասնական հայտարարություն են հրապարակել: Հայտարարության տակ ստորագրել են սենատորներ՝ Ջին Շահինը, Ջիմ Ռիշը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում Վրաստանի հետ բարեկամական խմբի համանախագահներ Ադամ Կիզինգերը և Ջերի Կոնոլը:
«Վրաստանի կառավարության որոշումը՝ բռնի կերպով ներխուժել Միացյալ ազգային շարժման շտաբ Նիկա Մելիային ու տասնյակ ակտիվիստներ ձերբակալելու նպատակով, խորը վրդովմունք է առաջացնում: Վրաստանի իրավապաշտպան մարմինների և դատական համակարգի կոռումպացված կիրառումը քաղաքական գործողություններ իրականացնելու համար, վտանգի տակ է դնում այն, ինչ մնացել է Վրաստանի ժողովրդավարության ու եվրաատլանտյան ճանապարհին:
Մենք կոչ ենք անում բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Նիկա Մելիային և Գիորգի Ռուռուային անհապաղ ազատ արձակել: Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է դադարեցնեն սադրանքներն ու բանակցեն այս ճգնաժամից խաղաղ կերպով դուրս գալու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Մելիային ձերբակալել են փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 07:30-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով` հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն է ցուցաբերվել 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց: