Ընդդիմությունը նախօրեի ցույցի ընթացքում հայտարարել էր, որ դա դեռ սկիզբն է, ու ցույցերն այսուհետ մշտական բնույթ են կրելու: Այսպես, այսօր՝ փետրվարի 24-ին, Թբիլիսիից դեպի Ռուսթավիի քրեակատարողանական հաստատություն ավտոերթ կկայանա:
Ընդդիմադիր գործիչ Էլենե Խոշտարիան հայտարարել է, որ այս կերպով իրենց բողոքը կարտահայտեն Մելիայի ձերբակալման հանդեպ:
Ընդդիմության ու աջակիցների մասշտաբային ցույցը կլինի փետրվարի 26-ին:
Մելիային ձերբակալել են փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 07:30-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով` հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն է ցուցաբերվել 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ երբ Մելիան, մեղադրվելով 2019-ի ամռանը հակաօկուպացիոն ցույցերի ժամանակ խորհրդարանի վրա գրոհելու փորձի մեջ, հրաժարվել էր վճարել դատարանի կողմից որոշված գրավը, դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, ու չնայած միջազգային ու արևմտյան գործընկերների հորդորներին, խորհրդարանը համաձայնեց ընդդիմադիր գործչին ձերբակալել: Նախքան Մելիային ձերբակալելը, հարցի հետ կապված անհամաձայնությամբ պայմանավորված` հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` հույս հայտնելով, որ այս կերպ իրավիճակը կհանդարտվի: Նույն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլին, ով տարիներ առաջ եղել է Վրաստանի վարչապետ ու հայտնի է իր կոշտ քաղաքականությամբ, ընդդիմության հանդեպ վառ արտահայտված ատելությամբ: Ղարիբաշվիլիի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց ժամեր անց Մելիան ձերբակալվեց։