Ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց․ հաջորդը՝ փետրվարի 26-ին

Այսօր Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվեց։ Ցուցարարների մի մասը պատրաստվում է մնալ խորհրդարանի շենքի դիմաց։ Ավելի վաղ ակցիայի մասնակիցները այստեղ վրաններ էին տեղադրել։

Ընդդիմությունը փետրվարի 26-ին նախատեսում է խոշոր բողոքի ակցիա անցկացնել Թբիլիսիում, որին ըստ կազմակերպիչների` կմիանան քաղաքացիներ Վրաստանի տարբեր շրջաններից։ Ընդդիմությունը Նիկա Մելիային ձերբակալելու դեմ ակցիաներն անվանում է «ազգային ազատագրական պայքար»։

Հիշեցնենք` Նիկա Մելիան ձերբակալվեց այսօր՝ փետրվարի 23-ին, առավոտյան ժամը 08:30-ին՝ հատուկ գործողությամբ: Ընդդիմադիր գործչին ձերբակալելու նպատակով` հատուկ ջոկատայինների խմբերը լուսադեմից մոբիլիզացվել էին ՄԱՇ-ի գրասենյակի մոտ ու փորձել մուտք գործել շենք, սակայն աջակիցները փակել էին գրասենյակի գլխավոր մուտքերը: Այսպիսով, հատուկ ջոկատայինները հրշեջ փրկարարների մեքենաների հատուկ սարքերով մուտք գործեցին գրասենյակ՝ շենքի տանիքից, կիրառեցին գազանման նյութ, այնուհետև ներխուժեցին սենյակ, որտեղ Մելիան էր իր աջակիցների և լրագրողների հետ, ու տարան վերջինիս: Հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 անձ, առաջին օգնություն  է ցուցաբերվել 17 անձի, նրանցից 2-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Մելիան մեղադրվելով 2019-ի ամռանը հակաօկուպացիոն ցույցերի ժամանակ խորհրդարանի վրա գրոհելու փորձի մեջ, հրաժարվել էր վճարել դատարանի կողմից որոշված գրավը, դատախազությունը դիմել էր խորհրդարանին՝ վերջինիս անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, ու չնայած միջազգային ու արևմտյան գործընկերների հորդորներին, խորհրդարանը համաձայնեց ընդդիմադիր գործչին ձերբակալել: Նախքան Մելիային ձերբակալելը, հարցի հետ կապված անհամաձայնությամբ պայմանավորված` հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` հույս հայտնելով, որ այս կերպ իրավիճակը կհանդարտվի: Նույն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Իրակլի Ղարիբաշվիլին, ով տարիներ առաջ եղել է Վրաստանի վարչապետ ու հայտնի է իր կոշտ քաղաքականությամբ, ընդդիմության  հանդեպ վառ արտահայտվող ատելությամբ: Ղարիբաշվիլիի` վարչապետի պաշտոնում ընտրվելուց ժամեր անց Մելիան ձերբակալվեց։