Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թբիլիսյան գրասենյակի վրա հնարավոր գրոհի փաստը։
Նա ասել է, որ իշխանությունն արյունահեղություն ու ողբերգություն է ծրագրում, այդ դեպքում իրենք չեն նահանջելու։ Ըստ Սաակաշվիլիի` իրենք խաղաղություն են ուզում, զարգացում, ժողովրդավարություն, ազատություն ու միասնական հաղթանակ Կորոնավիրուսի դեմ։
Նա վստահեցրել է լրագրողներին, որ Նիկա Մելիային պաշտպանել` նշանակում է Վրաստանը պաշտպանել դիկտատուրայից։
«Աստված չանի` ինչ-որ բան պատահի, այնտեղ հավաքվածները (խմբ. նկատի ունի ՄԱՇ-ի գրասենյակը), բոլորն իմ ընկերներն են, մոտիկները, գործընկերները. մենք բոլորս միավորվել ենք։ Ես չեմ ուզում, որ զոհեր լինեն։ Մենք ուզում ենք բանակցություններ, խաղաղություն։ Անձամբ ես չեմ ուզում ո’չ Ղարիբաշվիլիի, ո’չ էլ որևէ մեկի հետ ինչ-որ բան պատահի։ Սակայն եթե վերջնականապես ոչնչացնում են երկիրը, մենք ունենք ինքնասիրություն, պատիվ, մենք պետք է փրկենք ինքներս մեզ», — ասել է Սաակաշվիլին։
Հիշեցնենք` ընդդիմադիր Նիկա Մելիային ձերբակալելու գործով թիմի հետ ունեցած տարաձայնությունն էր պատճառը, որ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց։ Նա ասել էր, որ դա բերելու է նոր լարվածության եւ ապակայունացման։
Արդեն քանի օր է ընդդիմադիր գործչի համակիրները գիշերում են ՄԱՇ- ի գրասենյակում` նպատակ ունենալով թույլ չտալ Մելիայի ձերբակալությունը։