Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդրանում լսումների ժամանակ ներկայացնելով նոր կառավարության առաջիկա ծրագրերը, խոսել է առաջնահերթությունների մասին:
Ղարիբաշվիլիի խոսքով` կառավարության գլխավոր առաջնահերթությունները կլինեն ապակառուցողական ուժերին սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը, պատվաստանյութի ներմուծումը և տասնամյա զարգացման նոր ծրագրի մշակումը:
«Առաջին 100 օրվա ընթացքում հիմնական առաջնահերթությունները կլինեն երկրում կարգուկանոնի հաստատումը և մի շարք ապակառուցողական ուժերի սահմանադրական կարգուկանոնի շրջանակներ վերադարձնելը: Իհարկե, մեր հիմնական առաջնահերթությունը կլինի բնակչության համար ներմուծել պատվաստանյութեր և մշակել զարգացման նոր, հավակնոտ 10-ամյա ծրագիր, որը ես կանեմ ձեր ներգրավվածության և իմ թիմի հետ միասին», — խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի թեկնածուն նշել է նաև, որ ինքն անձամբ պատրաստ է ներգրավվել բիզնեսի խթանման համար որոշումների կայացման ցանկացած գործընթացում:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանը վարչապետի և կառավարության անդամների թեկնածուներին պետք է վստահություն հայտնի և ձևավորի երկրի նոր կառավարությունը: