Այսօր Վրաստանի խորհրդարանը վարչապետի և կառավարության անդամների թեկնածուներին պետք է վստահություն հայտնի և ձևավորի երկրի նոր կառավարությունը:
Խորհրդարանի բոլոր կոմիտեներում թեկնածուների լսումներն ավարտվել են և ստացել են համապատասխան աջակցություն: Այսօր հարցը կդրվի քննարկման խորհրդարանի լիագումար նիստում: Կառավարությանը վստահություն տալու համար անհրաժեշտ է խորհրդարանի լրիվ կազմի կեսից ավելիի՝ 76 պատգամավորի աջակցությունը:
Նոր կառավարության կազմում երկու փոփոխություն կա: Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունը կղեկավարի գործող փոխնախարար Ջուանշեր Բուրճուլաձեն: Կփոխվի նաև տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը: Այս պաշտոնում Մայա Ցքիտիշվիլիին կփոխարինի գործող փոխնախարար Իրակլի Քարսելաձեն:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Գիորգի Գախարիան լքեց Վրաստանի վարչապետի պաշտոնը՝ նշելով որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է Նիկա Մելիայի գործով դատարանի վճռի պատճառով: