Իրավիճակն անհապաղ դեէսկալացիայի ու լարվածության թուլացման կարիք ունի, ինչն առաջին հերթին պահանջում է իսկական կառուցողական երկխոսություն` երկրում ստեղծված իրավիճակի մասով, այս կարծիքին է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, համապատասխան հայտարարություն տարածել է նախագահի գրասենյակը։
«9 ամիս առաջ ես ընդունեցի հանրության համար ծանր ու ցավոտ որոշում, որը հիմնավորված էր բացառապես պետական կայունությունը պահելով ու ծառայում էր քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն։
Ցավոք, երկրում օրեցօր աճում են լարվածությունն ու հակամարտությունը։ Կասկածի տակ դնել լեգիտիմ ճանաչված ընտրությունների արդյունքները` օգտագործելով անհնազանդության բոլոր ձևերը, հասարակական -սոցիալական բողոք հրահրելն ուղղված են երկրի անկայունությանն ու թուլացմանը։ Սա կարող է ծայրագույն հետևանքների բերել. հանրության կողմից ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության կորուստը կործանարար է»,- ուղերձում գրում է Զուրաբիշվիլին` տեղեկացնելով, որ հանդիպում է ունեցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ու մանրամասն քննարկել ստեղծված իրավիճակը։
Զուրաբիշվիլին պատրաստ է աջակցել երկխոսության բոլոր ձևերին, սակայն, վստահ է, որ զիջման քաղաքականությունն արդարացված է միայն այն դեպքում, երբ երկու կողմերն էլ պատրաստ են կառուցողական երկխոսության, այլ ոչ այն դեպքում, երբ կողմերից մեկը զիջումն ընկալում է թուլություն կամ, առավել ևս` իր հաղթանակ։
Նախագահն ասում է` ելնում է պետության և քաղաքացիների շահից ու հավատում է, որ երկրի հանգստությունից ու զարգացումից հաղթելու են բոլորը։