Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի շարք միջազգային կառույցներ հայտարարություններ են տարածել, կողմերին կոչ անելով կառուցողական մոտեցում ցուցաբերել և բանակցությունների ճանապարհով ճգնաժամը հաղթահարել:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված հայտարարության համաձայն, ԱՄՆ-ն խիստ անհանգստացած է Վրաստանում վերջին շրջանում զարգացած իրադարձությունների հետ կապված:
«Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման կամ բռնության»,- ասվում է հայտարարության մեջ, ինչպես նաև նշվում, որ ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար, անվտանգ և հաջողակ Վրաստանին:
Եվրամիությունը կոչ է անում ինչպես Վրաստանի իշխանություններին, այնպես էլ ընդդիմությանը գործել առավելագույն զսպվածությամբ և պատասխանատվությամբ, որպեսզի կանխվեն հետագա սրացումները:
«ԵՄ-ն հավատում է, որ քաղաքական փակուղուց դուրս գալ հնարավոր է միայն անկեղծ քաղաքական երկխոսության միջոցով: Երկրի և Վրաստանի բոլոր քաղաքացիների շահերից ելնելով՝ կոչ ենք անում զերծ մնալ սրացումներից»,- ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությունում ասվում է, որ այժմ երկրում ստեղծված է դժվարին իրավիճակ և որպես ընկերներ կոչ է արվում բոլոր կողմերին ցուցաբերել մեծ պատասխանատվություն:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել պատասխանատվություն` լարվածությունը թուլացնելու համար: Երկարատև ճգնաժամը ոչ ոքի շահերից չի բխում, Վրաստանի բնակչությունն ավելիին է արժանի»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում:
Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը որպես ճգնաժամի լուծման ճանապարհ կողմերին առաջարկում է բանակցություններ կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: