Ժվանիայի կամ Նիկոլայ երկրորդի հետքերով

Վրաստանում Մելիայի գործով պայմանավորված ծանր գիշերը լուսացավ վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականով, որը բացատրվեց նույն թեմայի շուրջ թիմակիցների հետ համաձայնության չգալով:

Երկրի առաջին դեմքի հրաժարականը հենց այս շրջանում հասարակության մեծ մասի համար անակնկալ էր. այս պահանջով դեռևս 2019-ի ամառվանից սկսած հանդես էր գալիս քաղաքական հասարակության մեծ մասը: Գավրիլովի գիշերվա ընթացքում ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ մինչև այսօր այն ժամանակվա ներքին գործերի նախարար Գախարիային են մեղադրում: Համարենք՝ պահանջը բավարարվեց, Գախարիան ՆԳ նախարարի պաշտոնից ազատվեց, սակայն անմիջապես հետո զբաղեցրեց վարչապետի պաշտոնը:

Չնայած քաղհասարակության կողմից ստացած «աչքեր հանող» մականունին, Վրաստանում անցկացրած բացմաթիվ հետազոտությունների արդյունքում «Վրացական երազանք» իշխող կուսակցության ու առհասարակ, քաղաքական դեմքերից ամենաբարձր վարկանիշն ունի Գախարիան: Կորոնավիրուսի դեմ Վրաստանի պայքարի հատկապես առաջին ալիքի ընթացքում էլ, այս վարկանիշը բարձրացավ: Գախարիան հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում էր:

Վերջին ամիսների ընթացքում Վրաստանում աճող քաղաքական ճգնաժամի ֆոնին իշխող կուսակցությունից հեռացավ նախ հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, հիմա էլ՝ վարչապետը: Կադրերի տեսանկյունից, իշխող թիմը գրեթե փակուղու առջև է կանգնած, մինչդեռ՝ խոսում են Գախարիայի հրաժարականի պատճառներից:

«Հանուն ժողովրդի» շարժման հիմնադիր Աննա Դոլիձեն գտնում է՝ Գախարիան վարկանշային լավ կապիտալ է՝ առանց իշխանության: Որոշումը ծառայում է երկրի պետական շահերին ու կշահի արևմտյան գործընկերների սրտերը: Հնարավոր է՝ նա այս ամենը գիտակցելով, ժամանակին խույս է տվել պատասխանատվությունից, հստակ իմանալով, որ ի վերջո խնդիրն «իր գլխին» էր բարդվելու:

Դոլիձեի առաջարկած չորս պատճառներից ևս մեկը գաղափարն է՝ հանուն դեէսկալացիայի: Քանի դեռ բոլորի ուշադրությունը սևեռված է վարչապետի հարցին, հնարավոր է իշխանություն-ընդդիմություն կողմերի միջև լարված իրավիճակը թեթևակի կայունանա: Դոլիձեն հիշում է 2001թ․ խորհրդարանի խոսնակ Զուրաբ Ժվանիայի հրաժարականը, երբ լուրջ ճգնաժամի ու բողոքի ալիքի ֆոնին ժողովուրդը պահանջում էր այն ժամանակվա ՆԳ նախարար Թարգամաձեի հրաժարականը, մինչդեռ ճգնաժամը «ցրելու» համար հրաժարական տվեց Ժվանիան, ում այս հարցը չէր վերաբերում:

Վարդերի հեղափոխությունը այսպիսով մի քանի տարի հետաձգվեց: Եվս մեկ վարկած, որ բացատրում է վարչապետի հրաժարականը՝ ակնկալվում է, որ նա շարժվում է հայտնի սցենարով՝ անկախ վարկանիշ ունեցող կերպարը Ժվանիայի հետքերով կստեղծի ընդդիմադիր թիմ ու սա կլինի շատ շուտով:

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախտանգ Մաիսաիան «Ալիք մեդիայի» հետ զրույցում հիշում է, որ նման կանխատեսումներ արել էր․ Գախարիան ուղղակի ներկլանական բախման զոհ է, իսկ Մելիան՝ ընդամենը պատրվակ: Ծանր իրավիճակը Մաիասիան համեմատում է 1917թ․ Ռուսական կայսրությունում Նիկոլայ երկրորդի հրաժարականի հետ: Ասում է՝ միակ տարբերությունը մեր ժամանակների սպեցիֆիկան է:

«Նիկոլայ երկրորդն էլ հրաժարական տվեց, որովհետև իր բանակը հրաժարվել էր վերականգնել կարգուկանոնը Սանկտ Պետերբուրգում: Այս պարագայում՝ Գախարիան պարզապես առաջ ընկավ իր թիմից»,- ասում է Մաիսաիան ու ավելացնում, որ իր կարծիքով այս իրավիճակում պարտադիր են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Գիգի Բերիձեն, ով Իվ. Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական  համալսարանի քաղաքական գիտությունների դոկտորանտ է, գտնում է, որ իրավիճակը ծանրագույն է ու միակ ելքը Մելիային կալանավորելու մասին որոշումը չեղարկելն է, ինչը դժվար է պատկերացնում: Բերիձեն, ամեն դեպքում, համարում է, որ իշխող կուսակցության ու ՄԱՇ-ի միջև բևեռացումը կհասցնի միայն մի կողմի հզորացմանը․ ժողովոուրդը երկուսից մեկին ընտրելու դեպքում կընտրի «Երազանքին»․

«Ինչ վերաբերում է Մելիային, չնայած, որ նա շատերի համար «հերոս» է հռչակվել, մնացածի համար անցականալի կերպար է: Այս իրավիճակում վերադառնալ բանակցությունների սեղան ընդդիմության հետ՝ իշխանության համար նշանակում է պարտվել»:

Ի՞նչ է ակնկալվում հետագայում. ո՞վ կլինի հաջորդ վարչապետը

«Վրացական երազանքն» արդեն հայտարարել է, որ իրենց թեկնածուն Իրակլի Ղարիբաշվիլին է, ով երկու շաբաթում պետք է զբաղեցնի պաշտոնը, ձևավորի թիմ, որը կհաստատվի խորհրդարանի կողմից: Վախտանգ Մաիսաիան գտնում է, որ Ղարիբաշվիլին էլ ավելի խիստ վարչապետ կլինի ու ընդդիմության հետ հարաբերությունները նոր փուլ կմտնեն:

«Իրավիճակն արդեն տեղեկատվական քաղաքացիական պատերազմից բարձր դիմադրության է կերպարանափոխվում»,- ասում է նա:

Վրացի քաղաքագետները գտնում են, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են դառնում: Թվում է՝ միջազգային գործընկերների արձագանքն էլ տանում է դեպի սա: Ուշագրավ է Էստոնիայի նախկին նախագահ Տոոմաս Հենդրիկի թվիթերյան սուր գրառումը: Ըստ նրա՝ եթե Վրաստանը շարունակի այս ճանապարհը, Եվրոպական ու արևմտյան շատ երկրներ ուրախ կլինեն ևս մեկ հետխորհրդային երկրի «դարդից» ազատվելուց: «Նրանք անվերջ կրկնում են, որ դուք բարեփոխման ենթակա չեք ու արժանի չեք աջակցության»:

Քաղաքական գործիչների արձագանքի մասին՝

Վարչապետի հրաժարականը, որպես ճգնաժամից դուրս գալու միջոց. ի՞նչ կարծիքի են կողմերը

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։