ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհավորել է Վահրամ Դումանյանին նախարարի պաշտոնում նշանակման առթիվ:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Վ. Դումանյանն արձանագրել է, որ հայ և վրացի ժողովուրդները շատ ընդհանրություններ, իսկ եղբայրական ու բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն:
«Մեզ համար մեծապես կարևոր է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը, որոնք, հայկական լինելուց զատ, նաև համամարդկային մեծ արժեք են ներկայացնում»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս հարցում հայկական կողմն ապավինում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ վրաց գործընկերների հնարավոր աջակցությանը:
Համոզմունք հայտնելով, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում կհաղթահարի պատերազմի հետևանքները, դեսպանը մեջբերել է վրացի հայտնի բանաստեղծ, հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի այն միտքը, թե «եթե Հայաստանը ամուր կանգնած է, հարավից Վրաստանին վտանգ չի սպառնում»:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համատեղ երկկողմ, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակում բազմակողմ համագործակցությունը:
Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ անհրաժեշտ է ակտիվացնել ու զարգացնել նաև միջբուհական շփումներն ու համատեղ ուսանողական փոխանակման ծրագրերը: