Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների անցկացրած հետաքննական և օպերատիվ միջոցառումների արդյունքում, ձերբակալվել է Քոբուլեթիում օրեր առաջ ինքնասպան եղած 14-ամյա դեռահաս աղջկա պապը՝ թոռանը բռնության ենթարկելու և այլոց կողմից բռնությունն ու սպառնալիքն աջակցելու մեղադրանքով: Վերջինին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:
Հետաքննությունը հաստատել է, որ պապը թոռան նկատմամբ սպառնալիքներ է կիրառել, ինչպես նաև ենթարկել է բռնության: 2006թ․ ծնված դեռահասը փետրվարի 9-ին կյանքն ավարտել է ինքնասպանությամբ:
Հիշեցնենք, որ դեռահասի ինքնասպանության հաջորդ օրը աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա երիտասարդի, ինչը ենթադրում է 7-9 տարվա ազատազրկում:
ՆԳՆ-ի անցկացրած հետաքննության համաձայն, երիտասարդը խաբելով, որ կամուսնանա դեռահասի հետ, հորդորել է իր հետ սեռական կապ հաստատել 2020թ․ հունիսին ու դեկտեմբերին, սակայն ավելի ուշ աղջկան ասել է, որ չի պատրաստվում ամուսնանալ:
Մահացած աղջկա մոր (ով այս ողջ ընթացքում արտերկրում է եղել, իսկ երեխան բնակվել է պապի ու նրա թոռների հետ) ցուցմունքներով, պապն ու եղբայրնհերը պարբերաբար դաժան ծեծի են ենթարկել երեխային: Դեկտեմբերին դիմել են ոստիկանություն՝ երիտասարդի դեմ գործ հարուցելու նպատակով, սակայն ոստիկանությունն ուշացել է: Դեռահասն ինքնասպան է եղել տան հարակից տարածքում: