Տնօրենը աշխատանքային այցով բացակայում էր, իսկ փոխտնօրենը ես էի՝ «մի կին»:
Ես Մարինեն եմ, 30 տարեկան: Արդեն ավելի քան 5 տարի է աշխատում եմ հանրային ոլորտում և ներկայիս պաշտոնին հասել եմ սեփական քրտնաջան աշխատանքի ու գիտելիքների շնորհիվ: Ինչպես հասարակության մեջ է ընդունված՝ «նշանակված, շիկահեր կին չեմ»:
Կանանց իրավունքների համար պայքարը երևի թե մարդկության ստեղծումից ի վեր կա, երբեմն ավելի ակտիվ, երբեմն ոչ այդքան: Եվ այժմ ժամանակն է, որ բոլորս պայքարենք մեր իրավունքների համար՝ հույս ունենալով, որ մի օր էլ տղամարդ-ֆեմինիստների թիվը կգերազանցի իրենց իրավունքների համար պայքարող կանանց թվին:
Գենդերային հիմքով խտրականության շատ անգամ եմ հանդիպել, հաճախ այն չի շրջանցել նաև ինձ: Եվ այսպես, դեպքն այսպիսին էր.
Ինչպես նշեցի, աշխատում եմ հանրային ոլորտում և այն բաժնում, որտեղ զբաղեցնում էի փոխտնօրենի պաշտոնը, աշխատում էին մեծամասամբ կանայք և մեկ տղամարդ, նաև մեր բաժնի տնօրենն էր տղամարդ: Բավականին լավ էի տիրապետում ոլորտին և իմ գործն իրականացնում էի լիարժեք՝ իմ իսկ կարողությունների սահմանում, համենայնդեպս դժգոհություններ չեն եղել ո՛չ տնօրենի և ղեկավարության կողմից, ո՛չ աշխատակիցների:
Օրերից մի օր մեր բաժնի տնօրենին երկու շաբաթով գործուղման ուղարկեցին արտասահման: Ըստ կարգի՝ տնօրենի բացակայության դեպքում նրա իրավասություններն իրականացնում է փոխտնօրենը, այդ թվում՝ աշխատանքի համակարգում, բաժնի ղեկավարում: Սակայն, փաստորեն, ոչ այս դեպքում:
«Ես երկու շաբաթով մեկնում եմ, բաժնի և աշխատակիցների ղեկավարումը կիրականացնի Գիորգին», — ասաց տնօրենս՝ հավելելով, որ փաստաթղթային գործերով շարունակվեմ զբաղվել ես և ամեն հարցում օգնեմ Գիորգիին:
Անկեղծ ասած զարմանալի էր նման որոշումը, որովհետև Գիորգին սովորական աշխատող էր և եթե կա փոխտնօրեն, ինչո՞ւ պետք է նա կատարի տնօրենի գործը: Պարզվում է ինչ. ավելի ուշ, արդեն գործուղումից պետք է վերադառնար տնօրենը, երբ պատահական, խոսքի մեջ Գիորգին ասեց, որ ես կին եմ և եթե աշխատողների մեջ տղամարդ կա, ո՞նց կարող է բաժինը ղեկավարի կինը:
Շատ նեղվեցի… նեղվեցի, որովհետև աշխատանքս չէր գնահատվում և որոշիչ էր այն փաստը, որ ես կին եմ: Ինչ որ տեղ մտածում էի չհավատալ նաև, կարծում էի՝ դե միգուցե Գիորգին նկրտումներ ունի պաշտոնի, այդ ձևով փորձում է ինձ կոտրել: Սպասեցի մինչև տնօրենը կվերադառնար:
«Պարոն Հովհաննիսյան», — ասացի ես՝ մի քիչ նեղված, բայց համարձակ տոնով, — «ճի՞շտ է, որ կարծում եք, եթե ես կին եմ, ապա չէի կարողանա ղեկավարել բաժինը»:
Նա չժխտեց: Մի քանի րոպե լռությունից հետո (և իբր փաստաթուղթ էր կարդում), գլուխը բարձրացրեց և հաստատեց, ասաց, որ «այո, Մարինե ջան, մեր բաժնում տղամարդ էլ է աշխատում, ճիշտ չէր լինի, որ դու ղեկավարեիր, թեկուզ ժամանակավոր»:
Դա իմ աշխատանքային վերջին օրն էր: Դիմում գրեցի, աշխատանքից դուրս եկա: Թեև դիմումիս մեջ գրել էի, որ իմ կամքով հեռանում եմ աշխատանքից: Սեփական իրավունքներս ուսումնասիրել սկսեցի ավելի ուշ: Միգուցե եթե իմանայի այն, ինչ գիտեմ հիմա, այլ կերպ կվարվեի:
Խորհուրդ կանանց՝ մի հեռացեք, մնացեք և պայքարեք: Եվ որովհետև պայքարն է, որ տալիս է արդյունք, իսկ իմ դեպքում՝ փաստորեն ես էի սխալ, այդ պատճառով էլ թողեցի ու հեռացա:
Այժմ այլ վայրում եմ աշխատում, տնօրենի պաշտոնում եմ և այս աշխատանքս ավելի շատ եմ սիրում, միգուցե այն պատճառով, որ այստեղ մասնագիտական կարողություններն ու հմտությունները ոչ մի կերպ չեն պայմանավորվում սեռով: Աշխատանքի մեջ սեռը որոշիչ չէ:
Նյութը պատրաստվել է «Աշխատավայրում գենդերային հավասարության աջակցություն — Քվեմո Քարթլիի շրջան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է կանանց հզորացնել աշխատանքային խտրականության հարցում և կանխել գենդերային բռնությունը` Քվեմո Քարթլիի շրջանում կանանց աշխատանքային իրավունքների մասին իրազեկության բարձրացման միջոցով: Այս հոդվածում արտահայտված տեսակետները ծրագրի թիմի տեսակետներն են և հնարավոր է չարտացոլեն դոնորի տեսակետները: