Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը մի խումբ ակտիվիստներ Թբիլիսիում հավաքվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր մասնաշենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով 14-ամյա դեռահասի ինքնասպանության գործով իշխանությունների անգործության համար:
Ցույցի ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, երկու ակտիվիստ բերման է ենթարկվել, ևս երկուսի առողջությունն էլ վատացել է:
Ակտիվիստները «Համակարգը սպանում է», «Համակարգի հերթական զոհը» վերտառություններով գրություններ են թողել գետնին:
Ցույցը կազմակերպել էր «Սիրցխվիլիա» (ամոթ է) քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները պահանջել են Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հրաժարականը:
Փետրվարի 11-ին ՆԳՆ-ն ձերբակալել է 23-ամյա տղամարդու, որը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա դեռահասին, ինչից հետո անչափահասն ինքնասպան է եղել: Դեռահասի ծնողները վստահեցնում են՝ դիմել են ոստիկանություն, սակայն վերջիններն ուշացել են, աղջիկն ինքնասպան է եղել: