Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ապատեղեկատվություն է համարել իր հրաժարականի մասին լուրերը:
Փոխանցելով քաղաքապետի խոսքերը` «Interpressnews» պարբերականը նշում է, որ նման հարց օրակարգում չկա:
Այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ այդ պաշտոնում իր վերջին օրերն է անցկացնում, Նարմանիան այսպես է արձագանքել. «Վերջին օրերը թող մեր թշնամիների համար լինեն»:
Դավիթ Նարմանիան չի հստակեցրել սակայն, թե պատրաստվում է, արդյոք , մասնակցել 2017թ. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` երկրորդ անգամ ստանձնելով քաղաքապետի պաշտոնը:
Նարմանիան նշել է, թե դեռ շուտ է այս հարցի շուրջ քննարկումներ ծավալելը:
Հիշեցնենք, որ քաղաքապետներն ու մարզպետները ընտրվում են 4 տարի ժամկետով: 2013 թ. ընդունված` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն` Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի հոկտեմբերին: Սա վերաբերում է նաեւ քաղաքի ավագանու` Սակրեբուլոյի ընտրություններին: