Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, շատ շուտով կհանվի նաև «պարետային ժամը»՝ ժամը 21:00-05:00 ընկած հատվածում Վրաստանում գործող տեղաշարժի սահմանափակումը: Վերջինս անդրադարձել է կիրակի օրը քաղաքացիական հասարակության ու ընդդիմադիր կուսակցությունների անհնազանդության ակցիային ևս, այն որակելով սադրիչ քայլ:
«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարթելու և իրար կողք կանգնելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակ կրելու փոխարեն, ի՞նչ տեղի ունեցավ, բողոքի ակցիա պարետային ժամը վերացնելու պահանջով: Սա պոպուլիստական, սադրիչ քայլ է»,- ասել է Ցերցվաձեն ու հավելել, որ երկիրը փայլուն կերպով կարողանում է հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը, ու եթե քաղաքացիները նպաստեն, առանց աղմուկ-աղաղակի էլ, շատ շուտով «պարետային ժամը» կվերացվի:
Հիշեցնենք, որ փետերվարի 7-ին Թբիլիսիում անհնազանդության ցույց էր նախատեսված անցկացնել՝ սահմանափակումները վերացնելու պահանջով: Կազմակերպիչը «Սկիրցխվիլիա» (Ամոթ է) շարժումն էր: Թեև նախորդ օրը կառավարությունը հայտարարեց որոշ սահմանափակումները ժամանակից շուտ հանելու մասին, սակայն ցույցը, միևնույնն է, կայացավ: Ակտիվիստները հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ ու երթով շարժվել դեպի «Մայրենի լեզվի այգի», այն ժամին, երբ տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ էր: Ոմանք նաև գիշերել էին այգում։