Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի հայտարարությամբ՝ Վրաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ամենալավ միջոցը 2022 թվականի գարնանը լրիվ համամասնական կարգով արտահերթ ընտրություններ անցկացնելն է:
Նրա խոսքով՝ այս տարի պետք է անցկացվեն տեղական ընտրություններ, հետևաբար, երկու ընտրության միաժամանակ անցկացումը նրա համար անիրական է թվում:
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ «Լելոն» և մնացյալ ընդդիմությունը չեն պատրաստվում համակերպվել կեղծված ընտրությունների հետ և չեն մտնելու խորհրդարան: Մենք չենք պատրաստվում իշխող թիմի հետ անարդյունք բանակցությունները շարունակել, եթե չկատարվի մեր հիմնական պահանջը՝ արտահերթ ընտրությունների հետ կապված»,- նշել է Խազարաձեն:
Հիշեցնենք՝ 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության մեծ մասը հրաժարվում է խորհրդարան մտնել: Նրանց հիմնական պահանջը արտահերթ ընտրություններն են:
Իշխող «Վրացական երազանքը» չի ընդունում ընտրությունների կեղծված լինելը և ընդդիմությանը կոչ է անում միանալ խորհրդարանի աշխատանքին: