«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ վրացի օգտատերը զանգահարում է կառավարություն, թույլտվություն խնդրում «պարետային ժամը» «խախտելու» համար, պատճառը՝ աղի բլիթ վերցնելն է (տեսանյութը կարող եք դիտել այստեղ ): Վրաստանում շարունակում է ուժի մեջ մնալ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով սահմանված տեղաշարժի արգելքը 21:00-05:00 ընկած ժամանակահատվածում:
«Տասը րոպեով պետք է տնից դուրս գամ, մեր տան մոտի խաչմերուկից աղի բլիթ վերցնեմ, որովհետև այսօր սուրբ Սարգիս է, իսկ ես արդեն այն տարիքում եմ, որ պետք է երազումս իմ կեսին տեսնեմ», -պարզաբանում է զանգահարողը։
Այնուհետև կառավարության թեժ գծից հետաքրքրվում են օգտատիրոջ անձնական տվյալներով ու տալիս տնից դուրս գալու մեկանգամյա թույլտվություն:
«Այնքան պատճառ եմ լսել, բայց որ նման օրիգինալ ու անկեղծ պատճառով հայցեն թույլտվություն, առաջին անգամ է պատահել»,- հեռախոսի մյուս կողմից ասում է կառավարության ներկայացուցիչը:
Վրաստանում սբ․ Սարգիսն իր ժողովրդական ավանդույթներով միշտ գրավիչ է եղել ոչ միայն հայերի համար: Սովորաբար, տոնակատարությանը մասնակցում են նաև վրացիներ, միանում ավանդույթներին ու աղի բլիթ ուտում:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի հայկական եեղեցիները նշել են Սուրբ Սարգիս զորավարի տոնակատարությունը: Թբիլիսիում հավատացյալները երթով շարժվել են դեպի Խարփուխի «Սբ Սարգիս» մատուռ:
Աղի բլիթը, ըստ ժողովրդական ավանդության, պատրաստում է ամուսնացած, երջանիկ կինը: Պատրաստման եղանակը՝ խառնել ալյուրը, ջուրն ու աղը, հունցել, բլիթի տեսք տալ ու թխել:
Ըստ եկեղեցական ավանդության՝ արագահաս սուրբն իրականացնում է երազանքները․ ինչին հավատում ես ու շատ ցանկանում, այն էլ իրականանում է:
Տոնի հետ կապված ավանդույթներում իր ուրույն տեղն ունի նաև փոխինձը: Տան տիկինները տեղադրում են փոխինձով լի ափսեն պատշգամբում կամ դռան շեմին՝ ակնկալելով, որ գիշերը սբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի ու ձիու պայտի հետքը թողնի փոխնձի վրա:
Սուրբ Սարգիսը Կապադոկիայից է, 4-րդ դարի սուրբ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ երիտասարդների հովանավոր սուրբը։