Մարնեուլիի շրջանի հայաբնակ Շահումյան գյուղում միջադեպ է տեղի ունեցել: Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի անցկացման օրը, 8-րդ ընտրատեղամասում գտնվող «Միացյալ ազգային շարժման» անդամ Նանա Մինասյանը հայտարարել է, որ ընտրատեղամասի նախագահը ձեռքով հրել է իրեն: Մինասյանի հայտարարության համաձայն՝ հանձնաժողովի նախագահը լքել է ընտրատեղամասը, իսկ ինքը տեսախցիկը ձեռքին փորձել է ճշտել, թե ինչու է նա լքել տեղամասը:
«Միացյալ ազգային շարժման» անդամի խոսքերով, երբ նա փորձել է տեսախցիկի օգնությամբ ֆիքսել փաստը, հանձնաժողովի նախագահը նրան ձեռքով հրել է: Ավելի ուշ՝ Շահումյան են այցելել «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Թամազ Նավերիանին և փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին: Վերջինները տեղի ունեցածը սադրանք են որակել: Մեղադրանքները հերքում է նաև ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը:
Շահումյան են այցելել նաև «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներ Գիգա Բոկերիան և Իրմա Նադիրաշվիլին: Նրանց և դիտորդների միջև վեճ է բռնկվել: Լեզվակռիվ է եղել «Կանաչ երկրագունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցչի և Բոկերիայի միջև: «Կանաչ երկրագունդ»-ի ներկայացուցիչը Բոկերիային ասել է, որ «Միացյալ ազգային շարժման» դիտորդը ընտրողներից վերցրել է անձնագիրը և ասել, թե դրանց ժամկետը անցած է: Վեճի ընթացքում դիտորդը Բոկերիային ասել է, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչը սադրիչ է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: