Հունվարի 27-ին և 28-ին Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգի հիմնական հարցը խորհրդարանին դիմած ընդդիմադիր պատգամավորների դիմումների բավարարումն է՝ վերջիններիս պատգամավորական մանդատներից զրկելու խնդրանքով:
Ընթացակարգային հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլու հայտարարությամբ՝ արտահերթ նիստի ընթացքում կդրվի բոլոր այն ընդդիմադիր պատգամավորների մանդատներից զրկելու հարցը, ովքեր գրել են համապատասխան դիմումը:
Պատգամավորական լիազորությունները դադարեցնելու պահանջով խորհրդարանին 60 ընդդիմադիր պատգամավորից դիմել է 54-ը: Խորհրդարանը արդեն մանդատներից զրկել է «Հայրենասերների դաշինքի» անդամներ Իրմա Ինաշվիլիին, Գիորգի Լոմիային և Գոչա Թևդորաձեին:
Մանդատներից պաշտոնապես հրաժարվելու դիմում են ներկայացրել.
- «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
- «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
- «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
- «Լելո» — 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:
- «Գիրչի — շատ ազատություն» — 1 մանդատ:
Մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել «Գիրչի» (3 մանդատ) և «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» (2 մանդատ) կուսակցությունները, սակայն վերջիներս նույնպես գտնվում են բոյկոտի ռեժիմում:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
- «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
- «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
- «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
- «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
- «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
- «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
- «Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները:
Բացի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, խորհրդարան անցած բոլոր 8 կուսակցությունները համարում են, որ ընտրությունները կեղծված են: