Թբիլիսիում Վրաստանի կառավարության հարակից տարածքում քաղաքացիների ու քաղաքական գործիչների մասնակցությամբ ցույցի ընթացքում ցուցարարներն իշխանությանը 48 ժամ ժամանակ են տվել՝ պահանջները կատարելու համար:
Ցուցարարները պահանջում են վերացնել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված սահմանափակումները՝ վերականգնել տրանսպորտի գործունհեությունը, բացել ուսումնական բոլոր հաստատությունները, վերացնել «պարետային ժամը»:
«Բացենք երկիրը» «Մինչև ե՞րբ» սրանք էին ցույցի հիմնական խորագրերը: Բողոքի ալիքը մեկնարկել էր օրեր առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում: Օգտատերերն իրենց բողոքն էին հայտնում կառավարության կայացրած վերջին որոշման հետ կապված՝ սահմանափակումների վերաբացումը հետաձգելու հետ կապված:
Ցուցարարների մեծ մաը զբոսաշրջային ոլորտի աշխատողներ էին, որոնք գրեթե մեկ տարի է, ինչ եկամուտ չունեն, իսկ պետությունից որպես օգնություն միայն 2 անգամ մեկանգամյա 300-ական լարիի չափով օգնություն են ստացել: Լեռնադահուկային հանգստավայրերում ժամանցի, սննդի օբյեկտները չեն բացվի մինչև մարտի 1-ը, իսկ այդ ժամանակ լեռնադահուկային սեզոնը մոտենում է ավարտին: Որպես բողոքի նշան ցուցարարները ներկայացել էին դահուկներով ու հատուկ արտահագուստով:
Քաղաքացիներին միացել էին նաև ընդդիմադիր գործիչները: Բողոքի ալիքի հիմնական կազմակերպիչներից մեկը «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության հիմնադիր Զուրաբ Ջափարիձեն է: Ալիք Մեդիայի հետ զրույցում նա նշեց, որ ցույցերը մշտական տեսք կստանան ու կշարունակվեն այնքան, մինչև քաղաքացիների պահանջները չբավարարվեն: Ջափարիձեն ընդգծեց նաև, որ այս սահմանափակումների ֆոնին Վրաստանի արտաքին պարտքը գերազանցում է երկրի մեկ տարվա բյուջեն:
Կառավարության շենքի մոտ կայացած ցույցին զուգահեռ, ցույցեր են անցկացվել նաև Թբիլիսիի տարբեր այլ կետերում: Մզիուրի այգում, օրինակ, պահանջում էին վերականգնել դասապրոցեսը օֆլայն ռեժիմում:
https://www.facebook.com/aliQmedia/videos/3858749597519871