Վրաստանում նոր սկանդալ է հասունանում: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է քրեակատարողական հաստատություններում տիրող իրավիճակին, դիմել է դատախազություն ու իրավապաշտպան մարմիններին՝ խնդիրը հետաքննելու նպատակով:
Արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում Նինո Լոմջարիան հայտարարել է, որ բանտերում նրա ներկայացուցիչների վրա պարբերաբար հարձակվում են բանտի վարչության ու «նայողների» կողմից կառավարվող խմբերը: Լոմջարիան ասել է՝ բանտերը կառավարվում են հանցավոր աշխարհի կողմից:
«Այս ապօրինի գործողությունների նպատակը բանտարկյալնհերի հետ մեր հաղորդակցությանն ու բանտի տարածքում մոնիթորինգ իրականացնելուն խոչընդոտելն է»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Լոմջարիան այս իրադարձությունները կապել է վերջին հաշվետվության հետ, որտեղ նշված է՝ «թվացող խաղաղություն» քրեակատարողական հաստատություննեհրում պահպանվում է «նայողների» թեթև ձեռքով:
«Նշված հաշվետվությունից հետո Հանրային պաշտպանի վրա հանրային հարձակումներ են տեղի ունեցել, ինչպես նաև ապօրինի գործողություններ Արդարադատության նախարարի ու քրեակատարողական ծառայության կողմից: Այս ամենն ավարտվել է նրանով, որ հանրային պաշտպանի ներկայացուցիչների համար բարդացել է քրեակատարողական հիմնարկ մտնելն ու այնտեղ աշխատելը, իսկ հետագայում պարբերաբար հարձակումներ են արձանագրվել: Քրեակատարողական հիմնարկներ այցելելը վտանգավոր է դարձել»։
Քրեակատարողական ծառայությունը հերքում է մեղադրանքները
Ժամեր անց հարցին անդրադարձել է նաև Քրեակատարողական ծառայությունը՝ անհիմն կոչելով Մարդու իրավունքների պաշտպանի մեղադրանքները:
Քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ իրենք ամեն կերպ նպաստում են, որ Օմբուդսմենի աշխատակիցներն աշխատեն: Ըստ ծառայության՝ նրանք որևէ լծակ չունեն՝ սահմանափակելու օմբուդսմենի մոնիթորինգի աշխատանքը:
«Եթե որևէ բանտում բանտարկյալներն իրենց դժգոհությունն են արտահայտել, ապա դա միայն նրանց տրամադրվածություններն են և կապ չունեն Քրեակատարողական ծառայության վարչության հետ»,- նշված է ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվածի հետ կապված միասնական հայտարարություն են տարածել Վրաստանում գործող չորս հասարակական կազմակերպություն: ՀԿ-ներն իրենց աջակցությունն են հայտնել օմբուդսմենին և հայտարարել, որ համապատասխան կառույցները պետք է հետաքննություն սկսեն օմբուդսմենի հայտարարության հիման վրա: