Վրաստանի քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է ամռանը

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի կանխատեսումներով` ռիսկի խմբում չգտնվող քաղաքացիները կպատվաստվեն ամռանը կամ աշնանը.

«Եթե իրատես լինենք, պատվաստանյութը կլինի կամ ամռանը կամ աշնան սկզբին։ Սա այն մարդկանց համար, որոնց համար կորոնավիրուսը կյանքի համար վտանգավոր հիվանդություն չէ», — լրատվամիջոցներին տեղեկացրել է Իմնաձեն։

Ավելի վաղ Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ասել էր, որ մոտ ապագայում Վրաստանում կսկսեն պատվաստել «Pfizer» պատվաստանյութով։ Ըստ նրա` երկիրն ակտիվորեն համագործակցում է  «Covax» ընկերության հետ ու որոշակի հաջողությունների հասել են։

Վրաստանը ծրագրում է 17 միլիոն դոլար ծախսել պատվաստանյութ ձեռք բերելու վրա, ինչը միջինում կբավականացնի 700 հազար մարդու պատվաստելու համար։ Կանխավճար արդեն արվել է։

«Pfizer» պատվաստանյութը ամերիկա-գերմանական արտադրության է, գրանցված է ու արդեն գործածվում  է մի քանի երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ԵՄ-ում ու Իսրայելում։