Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետ 2020 թվականի մարտ ամսից փակվեցին սահմանները, այդ թվում՝ հայ-վրացականը:
Բոլորիս համար հայտնի է, որ Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների կապը մեծ է, ինչպես առևտրային, զբոսաշրջության, այնպես էլ բարեկամական: Ընտանիքները «մասնատվեցին»՝ մնալով սահմանի այս ու այն կողմում, հետագայում որոշակի պայմաններ սահմանվեցին՝ ընտանիքների վերամիավորման սկզբունքով: Սակայն խնդիրները մինչ օրս առկա են. սահմանի մի կողմում մնացել է տատիկը կամ պապիկը, իսկ մյուս կողմում երեխաներն ու թոռները, դե էլ չասած նոր ձևավորվող ընտանիքների մասին:
Ծանոթություններ, շփումներ, իսկ դե երիտասարդներն էլ պետք է ամուսնանան՝ սահմանի այս կողմից այն կողմ: Դասերն առցանց են, հանդիպումները՝ առցանց, շփումներն էլ առցանց ու փաստորեն, նաև խնամախոսությունն է առցանց (դեռ ամուսնության դեպք չի հանդիպել):
Վրաստանի հայաբնակ գյուղերից մեկի բնակչուհի 25-ամյա Անահիտը «Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է իր «առցանց խնամախոսության» պատմությունը:
«Ավելի քան երկու տարի է՝ ընկերություն էինք անում, որոշել էինք մինչև 2020-ի ավարտը նշանդրեք անել, սակայն ամեն ինչ խառնվեց իրար՝ փակվեցին սահմանները, դե հետո էլ պատերազմ», — պատմում է Անահիտը:
Էդգարը՝ մեր պատմության փեսան, պատերազմի օրերին Արցախում էր, իսկ Անահիտը ամեն պահ լուրի էր սպասում: Դա էլ հաղթահարեցին: Էդգարը վերադարձավ տուն: Իսկ սահմանները այդպես էլ փակ մնացին: Պետք էր անցնել հարաբերությունների հաջորդ փուլին:
«Տարբեր միջոցներ փորձեցինք, որպեսզի կարողանան գալ Վրաստան, ծանոթանան ծնողներիս հետ, սակայն ապարդյուն: Մտածեցինք, որ գոնե օնլայն ծանոթանան մեր ընտանիքները: Դե այդպես էլ կազմակերպեցինք մեր օնլայն խնամախոսությունը», — պատմում է Անահիտը:
Անահիտի դեպքը մեկն է, բայց ոչ միակը: Սահմանի տարբեր կողմերում մնացած հայերը շարունակում են նոր բարեկամություններ հաստատել՝ ծանոթությունն ու խնամախոսությունն էլ առցանց կազմակերպել: Սիրո ու բարեկամության համար արգելք չեն անգամ COVID19-ն ու դրա հետևանքով եղած սահամանափակումները: