Վրաստանում արգելքները հանելու ժամանակը չէ` ասում է գլխավոր վարակաբանը

Վրաստանում սահմանակումները կհանվեն իրավիճակի մանրամասն հետազոտումից հետո։

Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։

Ըստ կառավարության պլանի`  հունվարի 16-ից սահմանափակումներն ուժի մեջ կլինեն միայն հանգստյան օրերին, իսկ հունվարի 31-ից ընդհանրապես կհանվեն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Գամկղրելիձեն խորհուրդ է տվել  «չշտապել»։ Նա ասել է, որ առաջիկայում համակարգող խորհրդի մի քանի նիստ է կայանալու, քննարկվելու են բոլոր հարցրերը, համաճարակաբանական վերլուծություն է արվելու, քննարկվելու են սահմանափակումների արդյունքները։

Մասնագետը գտնում է, որ Վրաստանն անցել է հիվանդության պիկը` նոյեմբերի վերջին ու դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Վիճակը կայունանում է, սակայն դա հանգստության պատճառ չէ, վարակը շարունակում է շրջանառվել երկրում ու լուրջ հետևանքներ ունենալ։

Հիշեցնենք` մասնագետները դեմ էին նաև նախատոնական արտոնություններին, երբ դեկտեմբերի 24-հունվարի 2-ի ընթացքում բացվեցին առևտրի կենտրոնները, այլ վաճառակետեր։ Այժմ նրանք մտահոգություն են հայտնում, որ նախատոնական մոբիլության հետևանքներն ի հայտ կգան մոտ օրերին։

Այժմ երկրում պաշտոնապես ոչ աշխատանքային օրեր են մինչև հունվարի 15-ը։ Աշխատում են միայն բանկերը, ռազմավարական նշանակության կառույցները։

Հունվարի 16-ից ծրագրվում է վերականգնել հանրային տրանսպորտի (այդ թվում միջքաղաքային) աշխատանքը։ Մինչև հունվարի 31-ը կբացվեն առևտրի կենտրոնները, բաց ու փակ շուկաները։

«Պարետային ժամի» հանման ժամկետը չի քննարկվում,  անհայտ է նաև` երբ բարերն ու ռեստորանները կկարողանան այցելուներ ընդունել։