Թիֆլիսահայ հանճար Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական աշխատանքների ամենամյա մրցույթի շրջանակներում բեմադրվել ու նկարահանվել է վարպետի «Հիշողության կոլաժը»:
Ամենամյա մրցույթի նախաձեռնողն ու կազմակերպիչը «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունն է: Պանդեմիայով պայմանավորված` հնարավոր չի եղել այս տարի ապահովել մրցույթի մասսայականությունը, որոշվել է ընտրել օնլայն ձևաչափ:
«Վիրահայերի միության հետ որոշեցինք օնլայն մրցույթին մի փոքր էլ գույն ու երանգ տալ, ու որպես մրցույթի առաջին հաղթող ու հիմա ժյուրի ու Փարաջանովի արվեստի մեծ սիրահար` ցանկացա ինչ-որ կերպ լավ, մնայուն գործ անել` մեր փոքրիկ ու համեստ հնարավորությունների սահմաններում կարողանալ վարպետին վայել ներկայացում-ֆիլմ բեմադրել։ Փորձել ենք այնպես անել, որ փոքր ինչ փարաջանոտվենք»,— ասում է տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի հեղինակած կոլաժ-ֆիլմում Փարաջանովը նռան ծնունդ է, իր հեքիաթն է պատմում` Թիֆլիսի մասին: Ֆիլմում հին Թիֆլիսն է, Փարաջանովի սիրած Թիֆլիսը: Փոքրիկ տեսարաններով ներկայացվում է փարաջանովյան կյանքը, թե ինչպես նա այսօր կվերադառնար Թիֆլիս: Ֆիլմում նրա հաճելի հիշողություններն են ու սիրելի կերպարները: Տեսարաններն ու կերպարներն իրական են` վերցված նրա սցենարներից ու հիշողություններից:
Մոռանալ Փարաջանովին նշանակում է մոռանալ Թիֆլիսը` ասում է մտահղացման ու սցենարի հեղինակ տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը: Ըստ նրա` նման ծրագրեր կարելի է անել ոչ միայն Փարաջանովի, այլև հայ ու վրաց այլ հայտնիների մասին` այսկերպ կամուրջ ստեղծելով երկու մշակույթների միջև: