Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ Նոր տարվանից հետո երկրում լիարժեք լոքդաուն հայտարարելու թեմայով կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական համակարգող խումբը որևէ քննարկում չի ունեցել: Վարակաբանն ասել է՝ եթե վիրուսի տարածման մակարդակը պահպանվի ներկայիս ցուցանիշների շրջանակներում, կարիք չի լինի նոր սահմանափակումներ մտցնելու:
Հիշեցնենք՝ կառավարության գլխավորած համակարգող խումբը որոշում է կայացրել վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկամսյա սահմանափակումներ մտցնել. նոյեմբերի 28-ից ի վեր չեն աշխատում հանրային համայնքային ու միջհամայնքային տրանսպորտը, ռեստորաններն ու ժամանցի կենտրոնները, իսկ ուսումնական հաստատությունները, պետական որոշ կառույցներ գործում են հեռավար: Բացառության կարգով առևտրի կենտրոնները վերսկսել են աշխատանքը դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը, այնուհետև ակնկալվում է, որ մինչև հունվարի 16-ը սահմանափակումները կրկին ուժի մեջ կմտնեն: Ըստ կառավարության պլանների, փետրվարի մեկից նախատեսվում է բացել օդային սահմանները:
Վերջերս, սակայն հանրության շրջանում ու սոցցանցերում սկսկել է տարածվել տեղեկություն, որ բացառություն կազմող մեղմացված սահմանափակումների ժամկետի ավարտից հետո կարգելվի տեղաշարժը նաև անձնական մեքենաներով ու տաքսիներով, ինչպես նաև կփակվեն քաղաքները. «լիարժեք լոքդաուն» կհայտարարվի, ինչպես կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ: Առաջին անգամ նման տիպի խիստ սահմանափակումներ, ի դեպ, սահմանվեցին զատկական տոներին ընդառաջ, իսկ հունվարի 6-ին վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սբ. ծնունդը: