85 կողմ 0 դեմ. Վրաստանի խորհրդարանը նոր կառավարություն ձևավորեց

Վրաստանի խորհրդարանը կողմ քվեարկեց Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելուն, հետևաբար «Վրացական երազանք» կուսակցությունը 85 կողմ 0 դեմ ձայնով վստահություն տվեց նոր կառավարությանը:

Քվեարկության ավարտից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում հնչեց Վրաստանի պետական օրհներգը:

Հիշեցնենք՝ այսօրվա լիագումար նիստին չէին մասնակցում 8 ընդդիմադիր կուսակցությունների 60 պատգամավոր: Վերջիններս բոյկոտի ռեժիմում են, քանի որ չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Նոր ձևավորված կառավարության անդամներն են՝

  • Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին,
  • Արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն,
  • Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին,
  • Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան,
  • Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին,
  • Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին,
  • Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական  պաշտպանության նախարար Էկատերիե Տիկարաձեն,
  • Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարար Լևան Դավիթաշվիլին,
  • Պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին,
  • Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Թեա Ախվլեդիանին:

Նոր կառավարության ծրագիրը կոչվում է  «Եվրոպական պետություն ստեղծելու համար». Ծրագրի սահմանված նպատակներն են` պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:

Նշված նպատակներից ելնելով` կառավարությունը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել 4 ուղղություններով`

  1. Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, կոնֆլիկտների լուծում ու մարդու իրավունքներ,
  2. Տնտեսական զարգացում,
  3. Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում,
  4. Պետական կառավարում։