Վրաստանի «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը խորհրդարանին է դիմել պատգամավորական լիազորությունները դադարեցնելու պահանջով: Այս մասին խորհրդարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին:
«Մեր քաղաքական թիմը այս ընթացքում միշտ հայտարարել է, որ չի մտնելու խորհրդարան: Ընդգծեմ, որ մենք ունենք պայքարի մեր անկախ ռազմավարությունն ու տակտիկան, և մեր ամեն մի քայլը կլինի բարոյական և արդարացի: Այսօր դիմեցինք խորհրդարանին, մենք վայր ենq դնում մեր պատգամավորական մանդատները և շարունակելու ենք պայքարել նոր՝ ժողովրդավարական ընտրությունների համար»,- հայտարարել է Ինաշվիլին:
Հիշեցնենք` մանդատներից հրաժարվելու դիմում ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, ներկայացրել էին հետևյալ ընտրական միավորները.
- «Ուժը միասնության մեջ է-Միացյալ ազգային շարժում» — 36 մանդատ,
- «Եվրոպական Վրաստան» — 5 մանդատ,
- «Շինարար ռազմավարություն» — 4 մանդատ,
- «Լելո» — 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1 մանդատ:
Այսպիսով, մանդատները վայր դնելու պահանջով խորհրդարանին է դիմել արդեն 54 ընդդիմադիր պատգամավոր: Մանդատներից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել «Գիրչի» (4 մանդատ) և «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» (2 մանդատ) կուսակցությունները, սակայն վերջիներս նույնպես գտնվում են բոյկոտի ռեժիմում:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
- «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
- «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
- «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
- «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
- «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
- «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
- «Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր: