Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ 2020 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճը երկրում կազմում է 0,9 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 3,8 տոկոս:
Ամենամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշը սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում է: Ըստ գործակալության տեղեկատվության՝ այս խմբում ամենաշատը բարձրացել են բանջարեղենի, պանրի և ձվի, յուղի և ձեթի, շաքարի և քաղցրավենիքի գները: Երկրում մրգի, հատկապես խաղողի գները նվազել են:
Նոյեմբերի վերջից Վրաստանում նկատվեց ալյուրի գնի աճ: Ընդամենը 3 շաբաթ առաջ ալյուրի արժեքը 10-15 լարիով ավելի պակաս էր, քան հիմա՝ դեկտեմբերի 20-ին:
Նոյեմբերի 27-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարեց, որ պետությունը մոտ 10 միլիոն լարի կծախսի առաջին կարգի ալյուրի սուբսիդավորման վրա: 50 կգ պարկի համար կառավարության կողմից սուբսիդավորումը կազմում է առավելագույնը 10 լարի, և նշված մեխանիզմը ըստ որոշման պետք է ապահովի հացի գնի կայունացումը: Ըստ կառավարության՝ մեկ պարկ ալյուրի գինը չպետք է գերազանցեր 53 լարին, սակայն արտադրող երկրներում ցորենի բերքի վատ որակը, տնտեսական ճգնաժամը, լարիի փոխարժեքի տատանումն ազդել են ալյուրի գնի վրա և գինը համապատասխանաբար ավելացել է:
Տարվա ընթացքում Վրաստանը սպառում է 500-700 հազար տոննա ցորեն: Սրանից միայն 10% -ն է տեղական արտադրության: Մնացածը ներմուծվում է ՌԴ-ից, Ղազախստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից: Ներմուծման 90 տոկոսը ՌԴ-ին է բաժին ընկնում:
Վրաստանի շրջաններում բնակիչները բողոքում են ապրանքի թանկացումներից և նշում, որ թանկացումներ է նկատվում գրեթե բոլոր ապրանքներում, իսկ ամենաշատը՝ ալյուրի, ձեթի, մակարոնեղենի և քաղցրավենիքների մեջ:
Նինոծմինդայի բնակիչներից մեկը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ համաճարակի պատճառով մարդկանց տնտեսական վիճակը շատ է վատացել և թանկացումներն էլ ավելի են դժվարացնում կյանքը:
«Անցած տարիներին գնում էի արտագնա աշխատանքների, իսկ այս տարի չստացվեց և տնտեսապես վատ դրության մեջ ենք: Բոլոր ապրանքները թանկացել են, ամենաշատը՝ ալյուրն ու ձեթը», — ասում է մեր զրուցակիցը:
Նինոծմինդայի տաքսիի վարորդներից մեկի կարծիքով՝ ամեն ինչ թանկացել է երկրում, բացի տաքսիների գներից:
«Մեկ պարկ ալյուրն արժե 70 լարի, մի տարի առաջ շաքարավազն էր այդքան: Թանկացել են նաև դեղերի գները: Իմ միակ եկամուտի աղբյուրը տաքսին է, սակայն գործազրկության պատճառով ավելացել է նաև տաքսիների քանակը ու այստեղ էլ եկամուտ չկա»,- ասում է նա: Իսկ հարցին, թե ինչպես է պատկերացնում իրենց ապագան նշում. «Վերևից ինչ է իջել, որ ներքևում յոլա չգնան: Պետք է աշխատենք հաց քիչ ուտել, ինչպես Եվրոպայում և Ռուսաստանում», — նշեց նա:
Նինոծմինդայում ալյուրի գինը տատանվում է 68-75 լարիի սահմաններում: Վաճառողների խոսքով՝ լարիի փոխարժեքի պատճառով թանկացումներ են բոլոր ոլորտներում և իրենք պարզապես թանկ են ալյուրը ձեռք բերում: Նույն պատճառն են նշում նաև սննդամթերքի խանութներում:
Ինչ վերաբերում է հացի փռերին, սեփականատերերի խոսքով՝ հացը դեռ չի թանկացել, սակայն չգիտեն ինչքան ժամանակ կպահպանվի հացի գինը: Եթե ալյուրի գինը շարունակի աճել՝ բնականաբար թանկացումից չեն կարողանա խուսափել:
Հ.գ. Քաղաքի կենտրոնում հավաքված մի խումբ տարեց մարդիկ չցանկացան պատասխանել թանկացումների հետ կապված մեր հարցերին: Նրանցից մեկը նշեց, որ մի լավ միտք ունի եթե երկրի ղեկավարներն ուզում են իմանալ ժողովրդի վիճակի մասին:
«Հին դարերում թագավորները հագնում էին հին շորեր ու մտնում բնակիչների մեջ հասկանալու, թե մարդիկ ինչպես են ապրում ու ինչ են մտածում իրենց մասին, նույնը կարող է անել Վրաստանի նախագահը», — նշեց տարեցներից մեկը:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ