Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում օտարերկրացիների գտնվելու թույլատրելի ժամկետի փոփոխության մասին։ Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն անփոփոխ.
«Վրաստանի կառավարության որոշմամբ՝
«Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
— եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,
— եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,
— եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,
— եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»: