Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան 10-րդ գումարման խորհրդարանին ներկայացրեց կառավարության նոր կազմն ու կառավարական ծրագիրը: Դեկտեմբերի 11-ին՝ նոր օրենսդիրի իրավասություններն ընդունելուց հետո, կառավարությունը հրաժարական տվեց: Բոլոր նախարարները համարվում են ժամանակավոր պաշտոնակատար:
Մեծ փոփոխություններ կառավարության կազմում չեն սպասվում: Նոր է միայն Արդարադատության նախարարը: Նախկին նախարար Թեա Ծուլուկիանին, որ 8 տարի ղեկավարում էր գերատեսչությունը, պատգամավոր է դարձել: Նրա փոխարեն ներկայացվել է Գոչա Լորթքիփանիձեի թեկնածությունը:
- Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը Մայա Ցքիթիշվիլին է,
- Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
- Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին
- Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
- Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանի,
- Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
- Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
- Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին։
Ինչ վերաբերում է կառավարության նոր ծրագրին, այն կոչվում է «Եվրոպական պետություն ստեղծելու համար». Նպատակներն են` պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:
Նշված նպատակներից ելնելով` կառավարությունը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել 4 ուղղություններով`
- Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, կոնֆլիկտների լուծում ու մարդու իրավունքներ,
- Տնտեսական զարգացում,
- Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում,
- Պետական կառավարում։
Այժմ Գախարիայի ներկայացրած կաբինետն ու զարգացման ծրագիրը պետք է ստանան նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Կոմիտեներում և խմբակցություններում քննարկումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: