Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ եթե դիմակ կրելու ցուցանիշը հասնի 95 տոկոսի, ամանորին իրավիճակը կկայունանա:
«Լավ է, որ 10 տոկոսով (55-ից 65 տոկոս) ավելացել է երկրում դիմակ կրելու ցուցանիշը, ներսում և դրսում, սակայն ուզում եմ ընդգծել, սա պետք է լինի 95 տոկոս: Եթե ունենանք այս ցուցանիշը, խոսք եմ տալիս ամանորին էականորեն կկայունանա իրավիճակը: Յուրաքանչյուր մարդ պետք է ընկալի, որ դիմակ կրելը ամենալավ կանխարգելիչ միջոցառումն է, որպեսզի ուրիշին չվարակենք և ուրիշից չվարակվենք»,- միջգերատեսչական խորհրդի նիստից հետո հայտարարել է Գամկղրելիձեն:
Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4570 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3045 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 1657:
Գրեթե մեկ շաբաթ է, Վրաստանում սկսվել է ինտենսիվ թեստավորման ծրագիր, օրական կատարվում է շուրջ 20 հազար PCR և արագ թեստ: