Դեկտեմբերի 8-ի երեկոյան Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը ավարտվեց ըննդիմության և իշխող թիմի թվով 4-րդ հանդիպումը: Այսօր, հավանաբար, տեղի կունենա ևս մեկ՝ արդեն 5-րդ հանդիպումը, սակայն հայտնի չէ այն վերջնական կլինի, թե կողմերը քննարկելու էլի հարցեր կթողնեն հետագայի համար:
Հանդիպման ավարտից հետո ընդդիմության ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեսպանների խնդրանքից ելնելով չեն կարող խոսել բանակցությունների մանրամասներից:
Ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը մի քանի ժամ տևող արդեն 4 հանդիպման ընթացքում չեն կարողացել համաձայնության հասնել:
Ընդդիմությունը ունի 4 պահանջ.
- արտահերթ ընտրություններ,
- քաղբանտարկյալների ազատ արձակում,
- ընտրական համակարգի բարեփոխում,
- ընտրական հանձնաժողովի փոփոխություն։
Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ առաջին երկու պահանջի շուրջ համաձայնության հասնել չի ստացվում, երրորդ և չորրորդ պահանջի շուրջ որոշակի ընդհանուր դիրքորոշում կա:
Ինչ վերաբերում է իշխանությանը, Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իշխող թիմը դրական է տրամադրված և կարծում է, որ դեկտեմբերի 11-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստին խորհրդարանում կտեսնեն ընդդիմադիր պատգամավորների:
Հիշեցնենք՝ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանների միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են և քննարկել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են մուտք գործել խորհրդարան:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների համամասնական ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Եվրոպական Վրաստան» — 3,79%, 5 մանդատ,
- «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ է» — 27,18%, 36 մանդատ,
- «Հայրենասերների դաշինք» — 3,14%, 4 մանդատ,
- «Լեյբորիստական կուսակցություն» — 1%, 1 մանդատ,
- «Քաղաքացիներ-Ալեկո Էլիսաշվիլի» — 1,33%, 2 մանդատ,
- «Գիորգի Վաշաձե — Շինարար ռազմավարության» — 3,15%, 4 մանդատ,
- «Գիրչի» — 2,89%, 4 մանդատ,
- «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» — 48,22%, 60 մանդատ,
- «Լելո» — 3,15%, 4 մանդատ:
Վրաստանի բոլոր 30 մեծամասնական շրջաններում հաղթել են «Վրացական երազանքի» թեկնածուները: Կուսակցությունը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր: