«Իմ նպատակն Աջարայի կառավարությունը ղեկավարելն էր»։ Այս մասին հայտարարել է «Հայրենասերների դաշինք»-ի ղեկավար Դավիթ Թարխան-Մոուրավին՝ պարզաբանելով Աջարայի Գերագույն խորհուրդ չմտնելու մասին իր որոշումը:
Թարխան-Մոուրավին կուսակցության միակ մանդատը փոխանցել է ընտրացուցակի երկրորդ տեղում ներկայացված Զազա Օքուաշվիլիին: GDS հեռուստաընկերության եթերում նա ասել է, որ մեկ մանդատով «Հայրենասերների դաշինք»-ը չի կարողանա իրականացնել Աջարիայի բնակչությանը տված խոստումները:
«Մենք հայտարարել ենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակը կգլխավորի Իրմա Ինաշվիլին (կուսակցության գլխավոր քարտուղարը), իսկ Աջարայինը՝ ես: Մենք վստահ էինք, որ Աջարիայում առնվազն 8 մանդատ կունենանք՝ կոալիցիա կազմելով հնարավորություն կստանանք ղեկավարել Աջարիայի կառավարությունը։ Այն, որ մեզ հասել է ընդամենը 1 մանդատ, ակնհայտ կեղծիքի մասին է խոսում»,- հայտարարել է Դավիթ Թարխան-Մոուրավին՝ ավելացնելով, որ շարունակելու է ղեկավարել կուսակցությունը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Աջարիայի Գերագույն խորհուրդ է անցել 4 կուսակցություն։ Դրանք են Վրացական երազանք»-ը, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Հայրենասերների դաշինք»-ը և Նինո Բուջանաձեի «Ժողովրդավարական շարժում»-ը։