Կրծանիսիում տեղակայված ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնի մոտ զինված քաղաքացու սպանությունը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք՝ Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, անհայտ անձինք փորձել են ներխուժել ՆԱՏՕ-ի ուսումնավարժական համալիրի տարածք, որտեղ զինծառայողի բացած կրակից սպանվել է նրանցից մեկը՝ Գիգա Շենգելիան։
Պաշտպանության նախարար Լևան Իզորիան հաստատել է, որ սպանվածի եղբայրը մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը զինվորական ծառայություն է անցել հենց հիշյալ բազայում: Նախարարը «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ դեռ շատ հարցեր կան, որոնք կպարզվեն եղբոր հետ հանդիպումից հետո։ «Վերջինիս գտնվելու վայրը անհայտ է»,-ասել է նախարարը:
Իզորիայի խոսքով, Կրծանիսիի պատահարը անհանգստացնում է բոլորին, առաջին հերթին հենց կրակ բացած հերթապահին: Կրակելուց հետո զինվորն ասել է հետևյալ խոսքերը. «Ես խղճում եմ նրա մորը»:
«Ամբողջ գիշերվա աընթացքում նա հոգեբանի օգնության կարիք է զգացել»,-ասել է նախարարը:
Սպանված Գիգա Շենգելիայի հայրը իրավապահ մարմինների կողմից իրականացվող հետաքննությանը չի վստահում։ Նա հայտնել է, որ դիմելու է ոչ կառավարական կազմակերպություններին՝ անկախ հետաքննություն անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք՝ գործը Գլխավոր դատախազության վերհսկողությամբ իրականացնում է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտը: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածի առաջին մասով: