Վրաստանում ավարտվեցին 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները: 17 մեծամասնական շրջաններում անցկացված ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների ակտիվությունը կազմել է 26,29 տոկոս: Օրվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է 562 664 ընտրող: Ամենամեծ ակտիվությունը գրանցվել է Աջարիայի շրջանում, իսկ ամենափոքրը՝ Թբիլիսիի Նաձալադևի շրջանում:
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընտրողների ընդհանուր քանակը կազմում էր 2 140 210:
Հատկանշական է, որ ընտրությունների երկրորդ փուլին բոյկոտ էին հայտարարել Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, ինչի արդյունքում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուները մնացել էին փաստացի առանց մրցակիցների:
Հաշվի առնելով ընդդիմության բոյկոտը՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների քանակին այսօր կավելանա ևս 17 մեծամասնական պատգամավոր և ընդհանուր իշխող թիմը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր:
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ըստ Վրաստանի ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ ստացել է ընտրողների ձայների ավելի քան 48 տոկոսը, ինչի արդյունքում կկարողանա 3-րդ անգամ երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը՝ ձևավորելով կառավարություն և խորհրդարանական մեծամասնություն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ դրանք կեղծված են և չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նաև, որ հրաժարվում են մանդատներից և խորհրդարան չեն մտնելու:
Ընդդիմության հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: