Վրաստանում երկու օրով՝ նոյեմբերի 20-ին ու 21-ին ուժի մեջ չի լինի երեկոյան 22:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժի արգելքը: Սահմանափակումը կրկին ուժի մեջ կմտնի նոյեմբերի 22-ին,ժամը 22:00-ից:
Որոշումը կայացվել է նախօրեին, պատճառը՝ ընտրական գործընթացին չխոչընդոտելն է:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանում նոյեմբերի 9-ից գործում է տեղաշարժի սահմանափակում 22:00-ից 05:00-ը: Սահմանափակումը չի վերաբերում միայն ռազմավարական օբյեկտների աշխատակիցներին, բուժաշխատողներին, առաքիչներին, լրագրողներին:
Հատկանշական է, որ երկրում շրջանառվում են նաև լուրեր, որ կառավարությունն ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո սահմանելու է ավելի մասշտաբային սահմանափակումներ, ինչպիսիք են, օրինակ, առևտրի կենտրոնների ու գեղեցկության սրահների գործունեության դադարեցումը: Այս մասին, սակայն, դեռևս կառավարությունից հերքում կամ հաստատում չի եղել: