Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ երկրի 17 մեծամասնական շրջանում, շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, կանցկացվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
30 մեծամասնական շրջաններից 13-ում հենց առաջին փուլում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդայի շրջանում առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը:
Մեծամասնական շրջանների երկրորդ փուլ են անցել հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և «Միավորված ընդդիմություն» դաշինքի թեկնածուները, բացառությամբ մեկ շրջանի, որտեղ իշխող կուսակցության թեկնածուի հետ պետք է պայքարի անկախ թեկնածու:
Երկրորդ փուլ դուրս եկած բոլոր ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները պաշտոնապես հայտարարել են, որ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ դրանց առաջին փուլը լրիվությամբ կեղծվել է: Հետևաբար, ընտրություններին կմասնակցի միայն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ըստ Վրաստանի ԿԸՀ-ի վերջնական տվյալների՝ ստացել է ընտրողների ձայների ավելի քան 48 տոկոսը, ինչի արդյունքում կկարողանա 3-րդ անգամ երկրի կառավարումը վերցնել իր ձեռքը՝ ձևավորելով կառավարություն և խորհրդարանական մեծամասնություն:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները և պահանջում են անցկացնել նոր ընտրություններ: Ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նաև, որ հրաժարվում են մանդատներից և խորհրդարան չեն մտնելու: