Վրաստանի միավորված ընդդիմությունն այսօր կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի տեղակալ Ֆիլիպ Ռիկերի հետ: Հանդիպմանը սոցցանցերում անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ հանդիպումը նախօրոք պլանավորված չի եղել:
Հարկ է նշել՝ Պոմպեոյի պաշտոնական երկօրյա այցը Թբիլիսի արդեն ավարտվել է:
Հիշեցնենք՝ Պոմպեոյի այցին ու պաշտոնական անձանց հետ հանդիպումներին զուգահեռ ընդդիմությունը բարձրաձայնել է ընտրությունների կեղծման հարցը՝ կազմակերպելով ցույցեր ողջ այցի ընթացքում: Նախօրեին օդանավակայանից դեպի կենտրոն ձգվող ճանապարհին ընդդիմության անդամները Պոմպեոյի ուշադրությունն էին գրավել «Պարոն պետքարտուղար, բարի գալուստ երկիր, որտեղ ընտրություններին ձայները գողացվել են օլիգարխի կողմից։ Պուտինն է հաղթել ընտրությունները։ Մենք Ձեր աջակցության կարիքն ունենք» գրություններով պաստառներ պարզելով:
Այսօր, առավոտյան ժամերից Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան փակ էր. ցուցարարները երթ էին կազմակերպել դեպի խորհրդարանի շենք: Նրանց հիմնական նպատակը միջազգային մամուլի ու ԱՄՆ պետքարտուղարի աշխատակազմի ուշադրությունը գրավելն էր:
Այնուհետև ընդդիմության 22 միավորված կուսակցություններ բաց նամակով դիմել են Պոմպեոյին՝ ընդգծելով ԱՄՆ-ի կարևորությունը Վրաստանի ժողովրդավարացման հարցում, այն դեպքոմ, երբ այն վտանգի տակ է. «Իվանիշվիլին յուրացրել է իշխանությունն ու խախտել ժողովրդավարական ինստիտուտները»։