Սահակաշվիլին կհայտնվի մեղադրյալի աթոռին, երբ վերադառնա․ Սուբարի 

 

«Խոստանում եմ`Սահակաշվիլին վաղ թե ուշ, երբ վերադառնա, կհայտնվի մեղադրական աթոռին, իր արժանի տեղը կունենա նաև 9-րդ քրեակատարողական հիմնարկում»: Այս մասին հայտարարել է Վրաստանի Oկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների եւ բնակեցման հարցերով նախարար Սոզար Սուբարին՝ «Palitranews» հեռուստաընկերության եթերում խոսելով Զուգդիդիում տեղի ունեցած կրկնակի քվեարկության արդյունքների մասին:

Նրա խոսքերով, Սանդրա Ռուլոֆսը ինքնաբացարկ է հայտնել՝  հասկանալով, որ պարտվելու է. «Երբ մարդը տեսնում է, որ պարտվում է 30 %-ով՝ 70-ի դիմաց, բնական է,  որ կհրաժարվի մասնակցել 2-րդ փուլին: Սա ևս մեկ ապացույց է, որ «Միացյալ ազգային շարժում»-ը ստում էր ժողովրդին: Որոշ ընտրողներ հավատում էին, թե Սահակաշվիլին պատրաստվում է վերադառնալ: Մենք ողջունում ենք նրա վերադարձը և խոստանում, որ նա վաղ թե ուշ կվերադառնա, իր արժանի տեղը կունենա  մեղադրյալի աթոռին և 9-րդ քրեակատարողական հաստատությունում»:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, դադարեցրել է ընտրապայքարը Զուգդիդիում, որտեղ առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով:  Կրկնակի ընտրությունների արդյունքում  Ռուլոֆսը ստացել էր ձայների 44.48  %-ը, իսկ «Վրացական երազանք»-ը ներկայացնող Էդիշեր Տորոլայը 48,63 %-ը։

Սոզար Սուբարին նշել է նաև, որ փոխվել է «Միացյալ ազգային շարժման» հռետորաբանությունը. «Մինչ հոկտեմբերի 8-ը նրանք ասում էին, թե հաստատ իշխանության են գալու, այժմ մտածում են՝ ինչպես անել, որ «Միացյալ ազգային շարժում»-ը մի քանի ընտրատարածքում հաղթի, որպեսզի «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն չկազմի նոր խորհրդարանում»։

Սուբարին վստահեցրել է, որ ընդդիմադիրները  պարտվելու են ցանկացած ընտրատեղամասում։ Հիշեցնենք՝ ընտրությունների 2-րդ փուլը հոկտեմբերի 30-ին է:

 

 

Թողնել պատասխան