Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Վրաստան կատարելիք այցի օրը նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել: Ինչպես հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան՝ անցկացվելու է լուռ ակցիա:
«Նոյեմբերի 18-ին ժամը 11:00-ին օպերայի շենքից մինչև Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Ռուսթավելիի մետրոյից Ֆիլհարմոնիայի և Մելիքիշվիլիի ուղղությամբ 2 մետր հեռավորությամբ ակցիայի մասնակիցները կկանգնեն, ովքեր ստիկերներ կստանան՝ «Կեղծված է» գրությամբ: Ակցիայի մասնակիցները կբռնեն նաև Վրաստանի և ԱՄՆ-ի դրոշները»,- հայտարարել է Ուգուլավան:
Հիշեցնենք՝ Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները չեն ճանաչել ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները:
Մայրաքաղաք Թբիլիսիում արդեն մի քանի անգամ մեծամասշտաբ բողոքի ակցիաներ են անցկացվել: Ընդդիմությունն ունի 3 պահանջ.
- Նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
- ԿԸՀ-ի նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում,
- Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները արդեն երկու անգամ նշված հարցերը քննարկելու համար հանդիպել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԱՄՆ-ի դեսպանի և Վրաստանում ԵՄ դեսպանի միջնորդությամբ, սակայն դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել: