Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ երկրի 17 մեծամասնական շրջանում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին:
30 մեծամասնական շրջաններից 13-ում հենց առաջին փուլում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդայի շրջանում առաջադրված թեկնածու Սամվել Մանուկյանը:
Մեծամասնական շրջանների երկրորդ փուլ են դուրս եկել հիմնականում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածուները, բացառությամբ մեկ շրջանի, որտեղ իշխող կուսակցության թեկնածուի հետ պետք է պայքարի անկախ թեկնածու:
Հատկանշական է, որ ընտրություններից հետո ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր 8 կուսակցությունները չեն ճանաչում ընտրության արդյունքները և չեն պատրաստվում մասնակցել 2-րդ փուլին: Հետևաբար, սպասվում է, որ ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցի միայն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: