Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Թբիլիսիի ժամանակով 21:00-ին կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի հինգերրորդ մրցափուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը: ՀՀ հավաքականը երեկ ժամանել է Թբիլիսի և արդեն նախախաղային մարզում է անցկացրել «Դինամո» մարզադաշտում, որտեղ այսօր կկայանա հանդիպումը:
Թիմերի միջև նախորդ խաղը Ազգերի լիգայի այս մրցաշարում տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին և ավարտվեց 2:2 հաշվով:
Վրաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին անկցկացրեց իր պատմության ամենակարևոր հանդիպումներից մեկը, որով հնարավորություն էր ընձեռվում Եվրո-2020-ի ուղեգիր նվաճել, սակայն Վրաստանը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային և վրացիների փոխարեն մակեդոնացիները պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Հայաստանի հետ հանդիպումից բացի, Վրաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշարի մեկնարկային տուրում նվազագույն հաշվով հաղթել է էստոնացիներին, ինչպես նաև 2 անգամ 1:1 հաշվով ավարտել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերը, արդյունքում 6 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին տեղը կիսում է Հս. Մակեդոնիայի հավաքականի հետ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին՝ Ազգերի լիգայի այս մրցաշարի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, 2:0 հաշվով հաղթել էստոնացիներին, որոնց հետ պատասխան հանդիպումն ավարտել է 1:1 հաշվով: Վրաստանի հետ առաջին հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 2:2, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականը աղյուսակում 5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: