Ընդդիմության կողմից սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո ընդդիմադիր առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարեց, որ իշխանության կողմից իրենց հետ փորձել են կապ հաստատել Իրակլի Կոբախիձեն ու Արչիլ Թալակվաձեն և առաջարկել վաղը խոսել ընդդիմության պահանջների շուրջ:
Նիկա Մելիայի խոսքով՝ եթե իշխանությունը չի պատրաստվում այսօր խոսել իրենց հետ, ապա ցուցարարները խորհրդարանի շենքի հարակից տարածքից կտեղափոխվեն Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր շենք և կշրջափակեն շենքը՝ քանի դեռ իշխանությունը չի կատարել ընդդիմության պահանջները:
Ընդդիմության պահանջներն են.
- Նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
- ԿԸՀ-ի նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում,
- Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գոմարման խորհրդարանը: 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից սկսած մշտական բողոքի ցույցեր են անցկացնում: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ընդդիմությունը մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: