Վրաստանի կենտոնական ընտրական հանձնաժողովի անդամը թողել է պաշտոնը` հոկտեմբերի 31-ին խորյհրդարանական ընտրությունների «մասսայական կեղծիքների» պատճառով:
ԿԸՀ-ի ընտրական հանձնաժողովների հետ կապերի դեպարտամենտի ավագ մասնագետ Վանո Բուրդուլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ազատման դիմումի նկարն ու գրել` «Մնաս բարով, ԿԸՀ…»: Նա իր դիմումն արդեն ուղարկել է ԿԸՀ ղեկավար Թամար Ժվանիային:
«Ազատման դիմում եմ գրել ու կարծում եմ, որ չպետք է աշխատեմ` մի քանի պատճառներով. Գլխավորն, իհարկե, խորհրդարանական ընտրություններն են, որ անցան մասսայական կեղծիքներով: Գտնում եմ, որ այլևս չեմ կարող գտնվել ընտրական վարչակազմում», – ընդդիմադիր հայացքներ ունեցող «Մթավարի» ալիքին ասել է Բուրդուլին:
Ի դեպ, կեղծիքների մասին բարձրաձայնելու կոչ էր արել Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ի քվեարկության արդյունքները ԿԸՀ-ն սկսեց հաղորդել քվեարկության ավարտից 8 ժամ հետո միայն: Ըստ նախնական պաշտոնական տվյալների` իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների 48,23%-ն ու պառլամենտում մեծամասնություն է կազմում:
Ընտրությունների ընթացքին և քվեների հաշվարկին հետևած որոշ ՀԿ-ներ հայտնում են վերջին 8 տարվա համար աննախադեպ ընտրախախտումների մասին ու պահանջում են վերահաշվարկ գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների`վերահաշվարկը կարող է մոտ 8%-ով փոխել ընտրությունների ելքը` հօգուտ ոչ «Վրացական երազանքի»։
Թամար Ժվանիան բրիֆինգի ժամանակ հաստատել է, որ խախտումներ եղել են, բայց սխալները «մեխանիկական, տեխնիկական կամ մարդկային գործոնով» պայմանավորված են եղել:
Վրաստանում բողոքի ակցիաները չեն դադարում: Մեծ քաղաքներում՝ շրջանային ընտրական հանձնաժողովների մոտ, որտեղ ուսումնասիրվում են բողոքները, մարդիկ են հավաքվում, պահանջում նոր ընտրություններ: Ընդդիմադիրները վստահեցնում են` բողոքարկումների մեծ մասը ձևական է ուսումնասիրվում: Նոյեմբերի 8-ին մեծ հավաք է նախատեսված: