Կախեթիում ավտովթարի հետևանքով մահացած զինծառայող Հակոբ Մալխասյանին հողին են հանձնել իր հայրենի Նինոծմինդայում (Ջավախք): Հուղարկավորությանը ներկա է եղել Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ Վլադիմիր Չաչիբայան, Հակոբ Մալխասյանի ծառայակից ընկերները. «Ցավում եմ այս դեպքի համար, մենք կփորձենք հնարավորության սահմաններում մեղմել այս ընտանիքի ցավը: Ուզում եմ նշել, որ Հակոբն ինքնակամ էր որոշել ծառայել իր հայրենի բանակում: Երկու շաբաթ էր մնում պարտադիր ծառայության ավարտին: Մենք նրան չենք մոռանա և միշտ կլինենք իր հարազատների կողքին»,- ասել է նախարար Իզորիան:
Շարքային Հակոբ Մալխասյանը պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում 2015-ի նոյեմբերից:
Հիշշեցնենք՝ 36 զինծառայողների տեղափոխող զինվորական բեռնատարը կողաշրջվել էր Դեդոպլիծկղարո-Սղնախի-Թբիլիսի ավտոմայրուղու վրա, 28 զինծառայող այս պահին բուժում է անցնում Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալում, 8 զինվորի վիճակը ծանր է: Պատահածի հետ կապված հետաքննություն է սկսվել՝ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 5-րդ մասով:
Լուսանկարները` nor.ge-ի