Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն զգուշացնում է` ոչ մի համակարգ, բժիշկ կամ հիվանդանոց չի կարող դիմակայել, եթե բոլորը վարակվեն Կորոնավիրուսով։
«Երբ ես ինչ-որ բան եմ ասում, ես պատասխանատու եմ խոսքերիս համար։ Ես սա մի անգամ ասել եմ գարնանը, մի անգամ աշնանը։ Սա տխուր իրականության պատկերն է։ Սա վախեցնել չէ։ Լավ եք տեսնում` ինչ է կատարվում նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Նույնիսկ եթե այստեղ տեղափոխենք գերմանական հիվանդանոցները` գերմանացի բժիշկներով հանդերձ, եթե տարրական կանոնները չպահպանվեն, համակարգը չի դիմանա», — ասել է Իմնաձեն։
Հիշեցնենք` աշնան երկրորդ մեծ ալիքի մասին վարակաբանը խոսել է դեռ ամիսներ առաջ։
Երբեմնի կանաչ գոտի համարվող Վրաստանում վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ու նոր վիրուսով պայմանավորված մահերի ռեկորդային թվեր են գրանցվում։ Սրան զուգահեռ աճում է նաև ապաքինվածների թիվը։
Վարակը չի խնայել նույնիսկ պաշտոնյաներին. Վրաստանի վարչապետն ու մի քանի նախարարներ վարակվել են ու հիմա բուժում են ստանում։