Սեպտեմբերի 28-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին: Սաակաշվիլիի հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում և մեծ վրդովմունք առաջացրեց վիրահայերի և հատկապես ջավախահայերի շրջանում: «Ալիք Մեդիան» նախքան հոկտեմբերի 31-ը կայանալիք ընտրությունները անդրադարձել էր այս թեմային և արդեն պարզ էր, որ Ջավախքում այս անգամ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունն ու առաջադրած թեկնածուն շանսեր չեն ունենալու:
Որպեսզի պարզ դառնա ջավախահայերի պատասխանը Սաակաշվիլիի հայտարարություններին, ստորև կներկայացնենք Վրաստանի ԿԸՀ-ի՝ նախորդ ու ներկա ընտրությունների տվյալները․ դրանք լավագույնս ի ցույց են դնում ջավախահայերի և Վրաստանի երրորդ նախագահի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վերջին մի քանի տարիների հարաբերությունները:
- 2012 թվականի հոկտեմեբերի 1, խորհրդարանական ընտրություններ.
2012 թվականին, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի մեծ մասում Սաակաշվիլիի իշխող կուսակցությունը պարտություն կրեց և Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, Ջավախքում այս կուսակցությունը կրկին մեծ աջակցություն ուներ:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Ախալքալաքի շրջանից մեծամասնական կարգով առաջադրված Սամվել Պետրոսյանը ստացավ ձայների 77,7 տոկոսը ( 16 714 ձայն)։
Նույն կուսակցությունից Նինոծմինդայի մեծամասնական շրջանից առաջադրված Հենզել Մկոյանը ստացավ ձայների 83,57 տոկոսը (10 983 ձայն):
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Ախալքալաքում ստացավ ընդհանուր ձայների 76,54 տոկոսը (16 479 ձայն), Նինոծմինդայից՝ 79,59 տոկոս (10 319 ձայն):
- 2016 թվականի հոկտեմբերի 8, խորհրդարանական ընտրություններ.
2016 թվականին նոկաուտի մեջ գտնվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Ջավախքի՝ արդեն Ախալքալաք-Նինոծմիդայի միավորված մեծամասնական շրջանից ստացավ ձայների 20,32 տոկոսը (4 994 ձայն):
«Միացյալ ազգային շարժում»-ից Ախալքալաք-Նինոծմիդայի մեծամասնական շրջանից առաջադրված մեծամասնական թեկնածու Արսեն Կարապետյանը ստացավ ձայների 16,92 տոկոսը (4 250 ձայն):
- 2020 թվականի հոկտեմբերի 31, խորհրդարանական ընտրություններ
Օրեր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Ջավախքում ստացավ ձայների 3,94 տոկոսը՝ ընդամենը 1160 ձայն:
Կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական թեկնածու Մելքի Ռաիսյանը ստացավ ձայների 4,04 տոկոսը (1 251 ձայն):
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ