Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 4-ին Թբիլիսիի ընտրատարածքներում հանձնաժողովների հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր հաշվով իրավապահները ձերբակալել են 12 անձի:
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ավելի ուշ 5 անձ ստորագրությամբ ազատ է արձակվել, 7 անձ գտնվում է վարչական կալանքի տակ, ժամանակավոր մեկուսարանում:
Հիշեցնենք, երեկ՝ նոյեմբերի 4-ին, Թբիլիսիի տարբեր ընտրատարածքների հանձնաժողովներում բողոքների քննարկմանը զուգահեռ ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել, որոնց ընթացքում տեղի է ունեցել մի քանի բախում ցուցարարների և իրավապահների միջև:
Երեկ ցույց էր ընթացել նաև Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ-ի նախագահին:
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած բոլոր 8 ընդդիմադիր կուսակցությունները: Նոյեմբերի 8-ին Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է անցկացվելու, պահանջը՝ նոր ձևավորված ընտրական հանձնաժողովի պայմաններում խորհրդարանական ընտրությունների նորից անցկացումն է:
Միակուսակցական խորհրդարան, կամ արտահերթ ընտրություններ. ի՞նչ իրավիճակ է հետընտրական Վրաստանում